Երկրների ուժի ու հզորության, նրանցում մարդկանց արժեքային համակարգի, նյութական ու ոչ նյութական շահերի նկատմամբ նրանց վերաբերմունքի ու քաղաքակրթական մակարդակների միջև կան հիմնարար բնույթի օրինաչափություններ, որոնք անտեսանելի թելերով կառավարում են հասարակության կյանքի ընթացքը։
Անկասկած բոլոր մարդիկ են ձգտում հասնել ավելի ու ավելի որակյալ կյանքի, իհարկե, լավ կյանքի մասին ունեցած իրենց պատկերացումներին համապատասխան։
Անկասկած է նաև, որ բոլոր մարդիկ են ձգտում տիրանալ հնարավորինս մեծ ունեցվածքի ու հարստության, բայց այստեղ շատ կարևոր է՝ նման ձգտման տեր մարդը տգետ քաղքենի՞ է, թե՞ քաղաքակրթական նորմալ արժեհամակարգի տեր մեկը։
Ուրիշ խոսքով, հարցը հանգում է նրան՝ տվյալ մարդը դուքանչու՞ մենթալիտետ ունի, թե՞ ուսյալ ու կրթված բիզնեսմենի մենթալիտետ, քանի որ այս երկուսի տարբերությունը հսկայական է և վճռական։
Եթե փորձենք երկու բառով բնութագրել այդ տարբերությունը դուքանչու և բիզնեսմենի մենթալիտետների միջև, ապա առաջինը տանում է դեպի անմրցունակ, մի կերպ քարշ եկող կյանք, իսկ երկրորդը՝ դեպի զարգացող ու առաջադիմող կյանք։
Այստեղ նշված երկու մենթալիտետների միջև հիմնական տարբերությունը պայմանավորված է նրանց վերաբերմունքով դեպի մերկապարանոց նյութական և ոչ նյութական արժեքները։
Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ առանց արժեքային լուրջ համակարգի տգետը, ունեցվածք ու հարստություն կուտակելու գործում, կարող է որոշակի հաջողության հասնել միայն պարզունակ հասարակություններում, այն էլ՝ շեշտը դնելով անիրավունք կամ իրավունքից բան չհասկացող մարդկանց շահագործման վրա։
Դուքանչու և պարզունակ առևտրականի նման մոտեցումը, որը, ընդհանուր առմամբ, հաջողության դեպքում հանգում է համեմատաբար փոքր նյութական արժեքով մի քիչ ավելի մեծ նյութական արժեք ստեղծելուն, ժամանակակից բիզնես աշխարհի տեսանկյունից տուպիկային է և դեպի զարգացում չի կարող տանել։
Առավել ևս, նման մենթալիտետով առաջնորդվող հասարակությունները, որոնցում դուքանչուն հատուկ մոտեցումները, նոր արժեքներ գեներացնելու փոխարեն բերում են եղածը իրարից խլխլելուն, որևէ առաջընթաց չեն կարող ունենալ։
Այստեղ անհաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ տգետ դուքանչին եղած նյութական արժեքի հիման վրա նոր նյութական արժեքներ գեներացնելու նպատակով համապատասխան գիտելիք չունենալու պատճառով ղեկավարվում է մերկապարանոց նյութական նկատառումներով՝ սրան-նրան խաբելով, հարկեր չվճարելով, իր պատյանի մեջ փակվելով, քանի որ առանց քաղաքակրթական նորմալ որակների ուրիշների հետ կոնտակտներ էլ չես կարող ունենալ և այլն։
Այնինչ, համաշխարհային բիզնես պրակտիկան շատ վաղուց ցույց է տվել, որ առավելագույն հարստություն գեներացնելու համար միայն մերկապարանոց նյութական մոտեցումները հաջողության տանել չեն կարող, և դրա համար, որպես կանոն, պետք է լինում գտնել նյութական ու ոչ նյութական մոտեցումների որևէ կոմբինացիա՝ վերջինիս տակ հասկանալով գիտելիքի ու վերբիզնեսային նկատառումների ու նպատակների որոշակի խառնուրդ, ներառյալ՝ իշխանությունների ու օրենսդիր մարմինների հետ փոխհարաբերություններն ու հասարակական-պետական շահը։
Տգետ ու հետամնաց հասարակություններում ցուցադրաբար «գիտելիքահենք» բառի բազմակի օգտագործումը չտեսներին ոչինչ տալ չի կարող, դրա համար առաջին հերթին պետք է ունենալ նպատակային ձևով կառուցված կրթական համակարգ, բայց այնպիսին, որը, եղած գիտելիքը հասկանալուց բացի, ի վիճակի է նաև նոր գիտելիք գեներացնել։
Այս հարցում օբյեկտիվ և իրատեսական գնահատականներ տալու համար նորովի մեկնաբանության կարիք ունի նաև «դավաճանություն» բառը, որը ոչ միայն թշնամուն ծախվելն է, այլ նաև տգիտության և գավառականության պատճառներով երկրի զարգացման հնարավորությունները չօգտագործելն է, այն էլ, միմիայն իշխանությունը հնարավորինս երկար պահելու նկատառումներով։
Եթե մի կողմից իշխանությունը անտեսում է մարդկանց իրավունքները և, մյուս կողմից էլ, իրենց խեղճության ու ծայրահեղ զգուշության պատճառով մարդիկ հեռու են եղած իրավունքը հասկանալուց ու դրանից օգտվելուց, ունենում ենք այն, ինչ ունենք այսօր։
Ըստ որում, այս հարցում նախկին ու ներկա չկա, բոլորն էլ այս կամ այն աստիճանի տգիտության և ստրատեգիական մտածողություն չունենալու զոհեր են՝ մանր-մանր զոհելով նաև մեր չկայացած պետականությունը։
Պավել Բարսեղյան